Wiener Staatsoper
( Վիեննայի պետական օպերա )Վիեննայի պալատական օպերան ստեղծվել է 17-րդ դարի կեսին։ 17-18-րդ դարերին ներկայացումները տրվել են տարբեր թատրոններում։ 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբին թատրոնի խաղացանկի հիմքը կազմել են իտալական օպերաները։
18-րդ դարի կեսից Վիեննայի պալատական օպերայի վրա էական ազդեցություն է գործել Ք․ Վ․ Գւյուկի օպերային ռեֆորմը, ձեավորվել է ազգային օպերային ոճ (Ի․ Ումլաուֆի, Կ․ Դիտերսդորֆի, Ամադեուս Մոցարտի օպերաների բեմադրությունը)։
19-րդ դարում թատրոնում բեմադրվել են գերմանական, ավստրիական, իտալական և ֆրանսիական կոմպոզիտորների օպերաներ, հանդես են եկել Եվրոպայի ականավոր շատ երգիչներ։
1880-ական թվականներին Ռիխտերի (երաժշտական տնօրեն և դիրիժոր՝ 1875 թվականից) և հատկապես Գ․ Մահլերի (թատրոնը ղեկավարել է 1897-1907 թվականներին) գործունեության շնորհիվ Վիեննայի պետական օպերան դարձել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոններից մեկը։ 1869 թվականին թատրոնը ստացել է սեփական շենք։ Այստեղ բեմադրվել են Ամադեուս Մոցարտի, Լուդվիգ վան Բեթհովենի, Ռիխարդ Վագների, Ջուզեպպե Վերդիի, Կ․ Դեբյուսիի, Ռիխարդ Շտրաուսի, ինչպես և (Վիեննայում առաջին անգամ) Պյոտր Չայկովսկու («Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», «Իոլանտա») օպերաները։
1920-ական թվականներին․ թատրոնի խաղացանկում մեծ տեղ են գրավել Ա․ Շյոնբերգի, Է․ Կշենեկի, Ա․ Բերգի, Է․ Կոռնգոլդի օպերաները։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին (1938-1944) թատրոնը ճգնաժամ է ապրել։ 1945 թվականին Վիեննայի ռմբակոծման ժամանակ թատրոնի շենքը ավերվել է (վերականգնվել է 1955 թվականին)։ 1945 թվականին երկրի ազատագրումից հետո Վիեննայի պետական օպերան կրկին նվաճել է Ավստրիայի առաջատար երաժշտական կենտրոնի փառքը։
1940-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկում դասական գործերի կողքին տեղ են գրավել ժամանակակից կոմպոզիտորների օպերաներ (Կ․ Օրֆ, Վ․ էգկ, Պ․ Հինդեմիթ, Ֆ․ Պուլենկ, Ի․ Պիցետտի և ուրիշներ)։ Այստեղ հանդես են եկել Ավստրիայի և այլ երկրների լավագույն երգիչները, խոշորագույն դիրիժորներ Կ․ Կրաուսը, Ռ․ Շտրաուսը, Բ․ Վալտերը, Օ․ Կլեմպերերը, Վ․ Ֆուրտվենգլերը, Ցո․ Կրիպսը, Վ․ դե Սաբատան, Կ․ Բյոմը, Դ․ Միտրոպուլոսը, Լ․ Բեռնստայնը և ուրիշներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն