Կառուցվել է 1996–2001 թվականներին։ Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը։ Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ «... մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել»[1]։ 1990 թվականին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք։
1990 թվականի մարտի 31-ին Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում։ Իր խոսքում կաթողիկոսն ասել է.
1990 թվականի ապրիլին հայտարարվել է Մայր եկեղեցու նախագծի մրցույթ. ներկայացվել է 33 նախագիծ Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից։ 1991 թվականի փետրվարի մրցութային հանձնաժողովը մրցանակի է արժանացրել Ստեփան Քյուրքչյանի և Արտակ Ղուլյանի (Հ. Ասատրյանի մասնակցությամբ) նախագծերը։ Հեղինակներին հանձնարարվել է նախագծերն ըստ արված դիտողությունների վերամշակել։
1992 թվականի հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հավանությամբ, ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը։ 1996 թվականի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները։ 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը։ 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը։
↑ «Էջմիածին», 1989, դ 7։ ↑ «Էջմիածին», 1990, դ 1–2
Ավելացնել նոր մեկնաբանություն