Արվեստ

Արվեստ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ, ինչպես նաև սինթեզված (միաժամանակ և՛ լսողությամբ, և՛ տեսողությամբ)։ Դրան համապատասխան արվեստը բաժանվում է՝

  • Նկարչություն
  • Երաժշտություն
  • կինո

և այլ ձևեր։ Սակայն արվեստի տարբեր ձևերի միջև սահմանները հարաբերական են, նրանք երբեմն միահյուսվում կամ զուգակցվում են իրար։ Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է ունենում մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա, որովհետև արվեստում արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ։ Արվեստագետի իդեալը իր ժողովրդի, դասակարգի կամ սոցիալական խմբի ձգտումների, իղձերի արտացոլումն է։ Պատկերելով իր ժամանակի տգե՜ղ, այլանդակ երևույթները՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է այդ երևույթները վերապրել անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը, վեհը։ Արվեստի ծագման և էության վերաբերյալ կան զանազան տեսություններ։ Այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված «բացարձակ ոգու», «աստվածային հայտնության» արդյունք։ Հակադրվելով իդեալիստական նման ըմբռնումներին՝ մարքսիզմը գտնում է, որ արվեստի առաջացման աղբյուրը աշխատանքն է, որ արվեստը սոցիալական է և՝ իր ծագմամբ, և՝ իր էությամբ։