Սինհալերեն

Սինհալերեն, սինհալների՝ Շրի Լանկայի հիմնական բնակչության լեզուն, երկրի պետական լեզուն (թամիլերենի հետ)։ Խոսողների թիվը՝ մոտ 16 միլիոն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական խմբին։ Ծագել է սինհալական պրակրիտից։

Հնչյունական կազմը միտում է ձայնային ներդաշնակության։ Ձևաբանական կառուցվածքն աչքի է ընկնում կցականության ուժեղ տարրերով։ Բառապաշարում շատ են փոխառությունները (մեծ մասամբ դրավիդյան, ինչպես նաև արևմտաեվրոպական լեզուներից)։ Սինհալերենն օգտագործում է հվ-հնդ․ գրատեսակներից մեկը։ Հնագույն արձանագրությունները՝ մ․ թ․ ա․ III դարից։ Գրական սինհալերենը զարգացել է 13—14-րդ դարերում, հին ձևը պահպանվել է մինչև 19-րդ դարը։

Ավելի ուշ կենդանի խոսակցական լեզվի հիմքի վրա ձևավորվել է գրական սինհալերենի նոր ձևը, որը պարունակում է մեծ թվով սանսկրիտաբանություններ։ Խոսակցական լեզվի (որը կորցրել է խոնարհման կարգը) և գրականի միջև էական տարբերություն կա։