Կերկիրա (իտալական և արևմտաեվրոպական իրականության մեջ հայտնի է որպես Կորֆու, հուն․՝ Κέρκυρα), քաղաք և նախկին վարչատարածքային միավոր Հունաստանին պատկանող Հոնիական կղզիներում՝ համանուն կղզու վրա։ 2011 թվականի վարչական բարեփոխումներից հետո քաղաքը ներառվել է Կերկիրա կղզու նոմոսի կազմի մեջ։ Կերկիրայի տարածաշրջանային միավորի մայրաքաղաքը լինելուց բացի, վերջինս հանդիսանում է նաև Հոնիական կղզիների վարչական կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 24 838 մարդ։
Կերկիրան զբոսաշրջային նշանակության կենտրոն է, որը հնուց ի վեր մեծ դերակատարություն է ունեցել հունական քաղաքակրթությունների զարգացման գործում։ Քաղաքի պատմական կենտրոնը 2007 թվականին ներառվել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Պատմական քաղաքի անբաժան մասն են կազմում վենետիկյան ժամանակաշրջանի քարակերտ և աղյուսազարդ շինությունները, որոնք կառուցվել են իտալական ճարտարապետության ազդեցությամբ։
Քաղաքն ընդհա...Կարդալ ավելին

Քաղաքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 41 905 կմ քառակուսի տարածք՝ գտնվելով ծովի մակարդակից մինչև 10 մետր բարձրության վրա։ Վերջինս ծառայում է նաև որպես առևտրային նավահանգիստ։
Կերկիրան Հունաստանի հնագույն քաղաքներից է, որի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Անտիկ ժամանակներից մեզ հասած ամենանշանավոր վկայություններից է այն, որ Կերկիրա քաղաք-պետությունը մ․թ․ա․ 433 թվականին՝ Աթենական պոլիսի զորակցությամբ, Պելոպոնեսյան պատերազմների շրջանում պայքարել է Կորնթոսի զավթողական քաղաքականության դեմ։ Տեղի ունեցած ռազմական առճակատումը դարձել է ժամանակաշրջանի ամենախոշոր ռազմածովային մարտերից մեկը։
Ըստ հին հույն պատմիչ Թուկիդիդեսի՝ Կերկիրան Աթենքի և Կորնթոսի հետ միասին եղել է մ․թ․ա․ 5-րդ դարի Հին Հունաստանի խոշորագույն ծովային ուժերից մեկը։ Սպարտայի հաղթանակն ու դրան հաջորդած հռոմեական նվաճումները աստիճանաբար նվազեցնում են քաղաքի հեղինակությունը։ Վերջինս վերստին զարթոնք է ապրում վաղ միջնադարում՝ դառնալով Բյուզանդական կայսրության առևտրային կարևոր կենտրոններից մեկը։ Քաղաքը հայտնի է նաև իր բազում միջնադարյան ամրոցներով, որոնց մի մասը մասամբ վնասվել են օսմանյան գրոհների և ծովահենների հարձակումների հետևանքով։ Ներկայիս քաղաքը կառուցվել է վենետիկյան ժամանակաշրջանում՝ կրելով իտալական ճարտարապետությանը բնորոշ յուրահատկություններն ու առանձնահատկությունները։
Ըստ հին հույն պատմիչների վկայությունների՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա 8-րդ դարում Կորնթոսից ներթափանցած գաղութարարների կողմից։ Հնագույն քաղաքի տարածքում վեր է խոյանում Արտեմիսի հելլենիստական տաճարը, որի կառուցումը թվագրվում է մ․թ․ա․ 590 թվականին։
Պատմական տարբեր ժամանակահատվածներում Կերկիրան պատկանել է հռոմեացիներին, բյուզանդացիներին, գոթերին, վենետիկցիներին, օսմանյան թուրքերին, ֆրանսիացիներին, իսկ վերջում նաև անգլիացիներին։ Մ․թ․ա․ 229 թվականին Կերկիրան հայտնի է եղել որպե հունական քաղաք Հռոմեական կայսրության կազմում։ Կոստանդնուպոլսի անկումից որոշ ժամանակ անց՝ 1204 թվականին, այն անցնում է Վենետիկի հանրապետությանը և վերջինիս կազմում մնում մինչև 1210 թվականը։ Կերկիրան Վենետիկյան պետությանը վերստին անցնում է 1386 թվականին և իտալացիների կողմից կառավարվում մինչև 1797 թվականը։ 1716 թվականին քաղաքը պաշարվում է օսմանյան զորքերի կողմից, սակայն գերմանացի զորավար Մաթիաս Յոհան ֆոն դեր Շուլենբերգի ջանքերով թշնամին դուրս է բերվում կղզուց։ 1797 թվականին Կերկիրան դառնում է ֆրանսահպատակ տարածք։ Ֆրանսիայի կազմում քաղաքը մնում է մինչև 1815 թվականի Փարիզի հաշտության պայմանագիրը, որից հետո այստեղ հաստատվում է բրիտանական պրոտեկտորատ։ Հունական պետության ստեղծումից հետո Կերկիրան Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից նվիրաբերվում է նորաստեղծ միապետությանը՝ ի շնորհս դրածո արքա Գեորգիոս I-ի։ Պատմական այս իրողություններն իրենց անջնջելի հետքն են թողել քաղաքի ընդհանուր տեսքի վրա՝ ձևավորելով բազմամշակութային մեծ ժառանգություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն