Սուրբ Կղեմենտի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Clemente al Laterano), կաթոլիկ եկեղեցի Հռոմում։ Գտնվում է Սան Ջիովանի ին Լատերանո փողոցի վրա՝ Կոլիզեումի և Լաթերանյան բազիլիկի միջև։ Կառույցը իրենից ներկայացնում է ինքնատիպ հնագիտական երեք հարկաշարքից բաղկացած շինությունների համալիր։ Վերին հարկը՝ ներկայիս բազիլիկը, կառուցվել է 12-րդ դարում, միջին մասը՝ վաղ քրիստոնեական բազիլիկը, կառուցվել է 4-րդ դարում, և ստորին հարկը՝ երկու շինություն, հիմնադրվել է առաջին դարում։ Ներկայիս բազիլիկը պարունակում է 12-րդ դարի վաղ քրիստոնեական խորհրդանիշներով խճանկարներ, 15-րդ և 18-րդ դարերի ֆրեսկոներ։ Վաղ քրիստոնեական բազիլիկում պահպանվել են 9-րդ դարի յուրօրինակ որմնանկարներ։ Բազիլիկում են գտնվում Սուրբ Կղեմենտի մասունքները, ինչպես նաև Իգնատիոս Անտիոքացու և սլավոնացի լուսավորիչ Կյուրեղի մասունքները։
Բազիլիկի նորոգումը կապված է կարդինալ Անաստասի հետ, որը Սուրբ Կղեմենտի քահանան է եղել (l099-1125)։ Վերանորոգումն իրականացվել է Պասքալիս II Պապի հովանավորությամբ։ Ներկայիս բազիլիկը չափերով զիջում է նախկին բազիլիկին։ Երկու եկեղեցիների ձախ՝ հարավային կողմերը հավասարաչափ են, սակայն ներկայիս եկեղեցու գլխավոր նավն ու աջ կողմը հիմնված են «ներքին» բազիլիկի գլխավոր նավի վրա։ Ներկայիս բազիլիկը կառուցելիս վերստեղծվել են աբսիդի խճանկարները, ինչպես նաև այստեղ են տեղափոխվել վերոհիշյալ մասունքները։ Կղեմես XI Պապի օրոք (1700-1721), նրա պատվերով ճարտարապետ Կառլո Ֆոնտանան կառուցել է ներկայիս կեսոնապատ առաստաղը։ Այդժամ պատուհանների և գլխավոր նավի վերին հատվածը զարդարվել է տասնյակ ֆրեսկոներով։ Նրանցում պատկերված են Կղեմնտ, Իգնատիոս և Կյուրեղ ու Մեթոդիս սրբերը։ Վերջին տասնամյակում բազիլիկին կցակառուցվել են մի քանի կապելաներ։
Վերը նշված վերակառուցումների և ավելացումների հետևանքով բազիլիկը կորցրել է իր սկզբնական գեղեցությունն ու խստությունը, սակայն ձեռք է բերել բազմաթիվ բարոկկո ոճի առանձնահատկություններ։ Արժեքավոր ձեռքբերումներից են Եկատիրինի կապելայի 15-րդ դարի ֆրեսկոները, որոնց հեղինականերն են Մազաչչոն և Մազոլինոն։
Ներկայիս բազիլիկը մի քանի անգամ փոխել է իր սեփականատերերին։ 1403 թվականին Բոնիփակիոս IX հանձնեց բազիլիկը ամբրոզիան վանականներին։ 1645 թվականին Կամիլլո Պամֆիլիի հովանավորությամբ բազիլիկը տրվեց դոմինիկյաններին։ 1677 թվականին հակակաթոլիկական հետապնդումների հետևանքով Սուրբ Կղեմենտի բազիլիկ եկան իռլանդական դոմինիկյանները, որոնք ղեկավարում են այնտեղ ցայսօր։
Ավելացնել նոր մեկնաբանություն