Շլոսբերգ (գերմ․՝ Schlossberg, թարգմանաբար նշանակում է ամրոցի սար), անտառապատ սար ավստրիական Գրաց քաղաքի կենտրոնում, միջնադարյան ամրոցով, որը այդ քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկն է համարվում։ Սարը վերածվել է հանրային զբոսայգու, որի կառավարումն իրականացնում է Holding Graz ընկերությունը, և որտեղ զվարճանքի բազմաթիվ օբյեկտներ, ռեստորաններ ու սրճարաններ են գործում։
Սարի վրա դեռևս 10–րդ դարում բերդ է կառուցվել։ 16–րդ դարի կեսերին Հյուսիսային Իտալիայից հրավիրված ճարտարապետների նախագծերով կառուցվել է 400 մետր երկարությամբ ամրոց, որը երբեք չի նվաճվել, և միայն 1809 թվականին՝ Շյոնբրունի պայմանագրի կնքումից հետո, մասամբ ավերվել է Նապոլեոն Բոնապարտի զորքերի կողմից։ Այդ դժվարին, ծանր ժամանակներում ժամացույցակիր Uhrturm աշտարակը և Glockenturm զանգակատուն–աշտարակը ավերածությունից փրկվել են միայն այն բանի շնորհիվ, որ Գրացի բնակիչները հանգանակություն են կազմակերպել ու փրկագին են վճարել դրանց պահպանության համար[1][2][3][4]։
Սարը՝ ամրոցի մնացորդներով, հանրային զբոսավայրի է վերածվել 1839 թվականին, Լյուդվիգ ֆոն Վելդենի նախաձեռնությամբ։ Այցելուների հատուկ ուշադրությանն են արժանանում Uhrturm–ը, Glockenturm–ը, Türkenbrunnen–ը և փրկված երկու զինանոցները։ Uhrturm–ը Գրացի խորհրդանիշերից մեկն է դարձել, Glockenturm–ն էլ հռչակվել է իր հսկայական Liesl զանգով, որ ամենամեծն է ողջ տարածաշրջանում[1][2][5]։
Նախկին զորանոցներից մեկի ներքնահարկը վերածվել է Kasemattenbühne անվանումը կրող թատերասրահի, որտեղ բացօթյա համերգներ ու ներկայացումներ են տրվում[6][7]։
Շլոսբերգի ընդհատակում թունելների մի մեծ համակարգ է ստեղծվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ քաղաքի բնակիչներին ռմբակոծությունների ժամանակ պատսպարելու նպատակով։ Այդ թունելների մի մասը, այդ թվում՝ Շլոսբերգպլացը Կարմելիտերպլացին կապողը, մինչև օրս էլ մատչելի է։ Գործում է նաև ստորգետնյա գմբեթավոր աղոթարան Dom im Berg–ը[1] և մանկական քարանձավային երկաթուղի։
Սարի գագաթը քաղաքի կենտրոնի հետ կապված է զառիթափ արահետներով, աստիճաններով, երկաթգծով՝ Schlossbergbahn–ով, ճոպանուղով։ Բացի այդ, վերջերս շահագործման է հանձնվել վերելակը, որը սարի գագաթը կապում է թունելների համակարգի և վերջինիս միջոցով՝ Շլոսբերգպլացի հետ[8][9]։
Շլոսբերգի ամրոցի ընձեռած հնարավորությունները հաշվի առնելով՝ ամեն տարի այստեղ անցկացվում է ժամանակակից երաժշտության, արվեստի ու քաղաքական դիսկուրսի փառատոն՝ Elevate Festival–ը։
↑ 1,0 1,1 1,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ hgsbbh անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ gts անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: ↑ «Schlossbergbahn Graz»։ seilbahngeschichte.de (German)։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին։ Վերցված է 2003-06-26 ↑ Strobl Alexander (հուլիսի 8, 2008)։ «A Short History of the City»։ Graz: Stadt Graz - Magistratsdirektion, Abteilung für Öffentlichkeitsarbeit.։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 22, 2010-ին։ Վերցված է հուլիսի 2, 2013 ↑ «Grazer Uhrturm»։ Graz-Reise.de։ Վերցված է 2003-06-26 ↑ «Die Gastronomie am Schlossberg» (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26 ↑ «Die Kasemattenbühne» (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26 ↑ «Schlossbergbahn - Fahrspaß mit Panoramablick...» [Schlossbergbahn - fun with a panoramic view] (German)։ Holding Graz։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-14-ին։ Վերցված է 2003-06-26 ↑ «Schlossberglift» (German)։ Holding Graz։ Վերցված է 2003-06-26
Ավելացնել նոր մեկնաբանություն