Դուբլինի ամրոց (իռլանդերեն՝ Caisleán Bhaile Átha Cliath), կառավարական գլխավոր շինությունների համալիր Դուբլինում։ Մինչև 1922 թվականը եղել է Բրիտանիայի և Իռլանդիայի գլխավոր ամրակետը։ Չնայած ամրոցը գոյություն է ունեցել Յոհան Անհող թագավորի օրոք (1200-ական թվականներ), շինությունների մեծ մասը թվագրվում են 18-րդ դարին։ 1922 թվականին ամրոցը հանդիսավոր արարողությամբ տրվել է իռլանդական կառավարությանը Մայքլ Քոլինզի գլխավորությամբ։
Դուբլինի ամրոցը կառուցվել է նորմանդական ներխուժումից անմիջապես հետո` 1204 թվականին, Անգլիայի թագավոր Յոհան Անհողի հրամանով[1]։ Կառուցված ամրոցը տիպիկ նորմանդական նախագիծ էր` շրջապատված հաստ, անկյուններում կլորավուն աշտարակներով պատերով, ներքին բակով։ Գտնվելով նորմանդական Դուբլինի հարավարևելյան մասում` ամրոցը ձևավորում էր քաղաքի սահմանը` օգտագործելով բնական խոչընդոտը` Պոդլ գետը (անգլ.՝ Poddle): Դուբլինի քաղաքային պատը, հպվելով ամրոցի հյուսիսարևելյան մասում գտնվող Վառոդի աշտարակին, շրջապատում էր ողջ քաղաքը` կրկին ամրոցին միանալով հարավարևմտյան աշտարակի` Բիրմինգհեմ Պոդլի մոտ։ Բիրմինգհեմ Պոդլ աշտարակին հպվող պատը ունի կամարակապ անցումներ, որոնցով ջուրը հասնում է ամրոցի` հատուկ այդ նպատակող փորված խրամներ։ Այդ պատի մի մասը հասել է մինչև մեր օրեր և բաց է այցելուների համար։
Միջնադարում ներքին բակի փայտե շինությունները բազմաթիվ փոփոխություններ են կրել։ Այն ժամանակների ամենանշանակալից շինությունը քարից ու փայտից եղել է Մեծ սրահը, որ օգտագործվել է որպես խորհրդարանի, դատարանի, հրավերքների շենք։ Այն զգալի տուժել է 1673 թվականի հրդեհից և շուտով քանդվել։ Ամրոցի նախնական շինություններից չի պահպանվել ոչինչ` բացի «Ռեկորդ» անունով բարձր աշտարակից, որ կառուցվել է 1228-1230 թվականներին։ Աշտարակի ատամնավոր պարիսպները կառուցվել են 19-րդ դարում[2]։
Բրիտանիայի տիրապետության տարիներին Իռլանդիայում «կաթոլիկ ամրոց» (անգլ.՝ Castle Catholic) արտահայտությունը ստորացուցիչ էր իռլանդցիների համար` նշանակելով բարեհաճ հակվածություն բրիտանական իշխանության հանդեպ։
1907 թվականին` Էդուարդ VII արքայի այցից քիչ առաջ, ամրոցից գողանում են Սուրբ Պատրիկի օրդենի (անգլ.՝ Irish Crown Jewels) խորհրդանշանները։ Գողոնը մինչև օրս չի հայտնաբերվել։
Անգլո-իռլանդական պատերազմի ժամանակ ամրոցը իռլանդական անջատողական ուժերի դեմ պայքարում դարձել է Բրիտանիայի հենարանը Իռլանդիայում։ 1920 թվականի նոյեմբերի 21-ին ամրոցի նկուղներում սպանվել են իռլանդական բանակի երկու սպաներ և նրանց ընկերը՝ փախուստի փորձի պահին։ Այդ պատճառով նոյեմբերի 21-ը պատմության մեջ է մտել «Արյունոտ կիրակի» անունով։
1922 թվականին ամրոցն անցնում է իռլանդական կառավարության տնօրինմանը` որոշ ժամանակ օգտագործվելով որպես դատարան։ Դատարանի տեղափոխումից հետո ամրոցն օգտագործվել է պետական արարողությունների նպատակով։ 1930 թվականին Իմոն դե Վալերան` որպես գործադիր իշխանության ղեկավար, Ջորջ V արքայի անունից ստացել է օտար երկրների դեսպանների հավատարմագրերը։ 1938 թվականին ամրոցում տեղի է ունեցել Հայդ Դուգլասի` Իռլանդիայի նախագահ հռչակվելու արարողակարգը։ Հետագայում համանման արարողություններ են կատարվել 1945, 1952, 1959, 1973, 1974, 1976, 1983, 1990, 1997 թվականներին։
1974 թվականի նոյեմբերին ամրոցում տեղի է ունեցել նախագահի պաշտոնում մահացած Իռլանդիայի նախագահ Էրսկին Չայլդերսի քաղաքացիական հոգեհանգիստը, իսկ 1975 թվականի սեպտեմբերին ամրոցում հրաժեշտ են տվել 93-ամյա Օմոն դե Վալերային, ով երկու տարի առաջ թողել էր նախագահի պաշտոնը։
↑ "Fitzhenry, Meiler". Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co. 1885–1900 ↑ Dublin Castle (2002). "Dublin Castle web-site (history)". Dublin Castle. Archived from the original on 1 August 2008. Retrieved 2008-08-20
Ավելացնել նոր մեկնաբանություն