Ուգանդա
Context of Ուգանդա
Ուգանդա (պաշտոնապես՝ Ուգանդայի Հանրապետություն), պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։
Երկրի տարածքն զբաղեցնում է Արևելաաֆրիկական սարահարթի հյուսիսարևմտյան մասը։ Գերակշռում են 1100–1500 մ բարձրության բլրավոր հարթավայրերը։ Կան բարձր լեռնազանգվածներ (Ռուվենզոր, 5109 մ), հրաբուխներ, հարավ-արևմուտքում Վիրունգա հանգած հրաբուխների խումբն է (Մուխավուրա հրաբուխ, 4127 մ), հարավ-արևելքում՝ Էլգոն հրաբուխը (4322 մ) և այլն։ Ընդերքը հարուստ է երկաթի, ցիրկոնիումի, ապատիտի, բազմամետաղների, ոսկու, թանկարժեք քարերի պաշարներով։