Լեռ

Լեռ, հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամաս, որը ռելիեֆի` համեմատաբար հարթ վայրից կտրուկ բարձրացած է։ Լեռները սովորաբար ունենում են լավ արտահայտված գագաթներ, լանջեր, ստորոտներ։

Լեռները պատում են Ասիայի 64 %-ը, Եվրոպայի 25 %-ը, Հարավային Ամերիկայի 22 %-ը, Ավստրալիայի 17 %-ը և Աֆրիկայի 3 %-ը։ Երկրի ցամաքային զանգվածի 24 %-ը լեռներ են, և մարդկության 10 %-ը ապրում է լեռնային վայրերում։ Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ, բայց այսօր էլ շարունակվում են լեռնակազմավորման շարժընթացները՝ տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ և այլն։ Ըստ այդմ` լեռները կարող են լինել երիտասարդ և ծեր։

Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական բարձրություն. այդ ցուցանիշով աշխարհում ամենաբարձրը Արարատն է (4365 մ)։ Ծովի մակարդակից հաշված բարձրությունը կոչվում է «բացարձակ», որով առաջին տեղում է Էվերեստը (8848 մ)։ Բլուրները նույնպես լեռներ են, որոնք ունեն փոքր հարաբերական բարձրություն։