简化字 ( Պարզեցված հիերոգլիֆներ )

Պարզեցված հիերոգլիֆներ, 1955 թվականից հետո չինական ավանդական հիերոգլիֆների հեշտացված տարբերակ՝ համաձայն «Չինական հիերոգլիֆների պարզեցման պլանի»։ 1964 թվականին թողարկված «Պարզեցված հիերոգլիֆների ընդհանուր ցանկում» ընդգրկված է եղել մոտ 2200 պարզեցված հիերոգլիֆ։ Ընդհանուր պարզեցված հիերոգլիֆների նոր աղյուսակը, որը բաղկացած է 8105 (պարզեցված և ավանդական) հիերոգլիֆներից, պաշտոնապես ներդրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի կողմից 2013 թվականի հունիսի 5-ին։ Պարզեցված հիերոգլիֆները պաշտոնապես օգտագործվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրում, մինչդեռ Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում գործածվում են ավանդական հիերոգլիֆները։

Կան հիերոգլիֆներ, որոնց պարզեցման ժամանակ պահպանվել են ավանդական հիերոգլիֆների հիմքը, սակայն հեշտացվել է գրելաձևը։ Սակայն կան հիերոգլիֆներ, որոնց հիմքն ամբողջովին փոխվել է։ Օրինակ՝ 馬 (հայերեն՝ ձի, փինյին՝ mǎ) հիերոգլիֆը պարզեցնելու հետևանքով դարձել է 马 (հայերեն՝ ձի, փինյին՝ mǎ)։ Անզեն աչքով երևում է, որ հիերոգլիֆը պահպանել է հիմնական տեսքը և իմաստը, սակայն պարզեցվել է գրելաձևը։ Սակայն, օրինակ 聽 (հայերեն՝ լսել, փինյին՝ Tīng ) հիերոգլիֆի պարզեցումից հետո դրա տեսքը հիմքից փոխվել է՝ 听 (հայերեն՝ լսել, փինյին՝ Tīng):

Destinations