Матрёшка ( Մատրյոշկա )

Մատրյոշկա (ռուս.՝ матрёшка), ռուսական փայտե խաղալիք՝ նկարազարդ տիկնիկ, որի մեջ տեղադրված են նույն տիպի՝ ավելի փոքր տիկնիկներ։ Իրար մեջ տեղադրված խաղալիքների թիվը սովորաբար երեք և ավելի է։ Մատրյոշկաները, որպես կանոն, լինում են ձվաձև՝ հարթ հատակով, և բաղկացած են լինում երկու մասից՝ վերին ու ստորին։ Ավանդաբար նկարվում է կին՝ կարմիր զգեստով ու գլխաշորով։ Ներկայումս նկարազարդման թեմաները բազմազան են՝ հեքիաթի հերոսներ, աղջիկ, ինչպես նաև ընտանիք։ Հանդիպում են նաև քաղաքական գործիչների պատկերներով, ինչպես նաև ընդհանրապես դիմանկարային մատրյոշկաներ։