Califato de Córdoba ( Կորդովայի խալիֆայություն )


Կորդովայի խալիֆայություն (արաբ․՝ خلافة قرطبة‎‎` խիլաֆաթ կուրտուբա), միջնադարյան պետություն Պիրենեյան թերակղզու տարածքում 929-1031 թվականներին։ Հիմնադրել է Օմայան վերջին ամիրա Աբդ ալ-Ռահման III-ը` Հյուսիսային Աֆրիկայում շիական նոր պետության՝ Ֆաթիմյան խալիֆայության հիմնադրումից որոշ ժամանակ հետո։ Երկիրը կառավարել է Մուհամմադ մարգարեի տոհմին ազգակից Օմայան դինաստիան։ Տարածքը կազմել է առավելագույնը 600 000 քառ. կմ, բնակչությունը՝ 6 000 000 մարդ։

Պետության մայրաքաղաքն էր Կորդովան, որն ուներ 450 000 բնակիչ։ Այն ավելի քան երեք դար եղել է արաբական Իսպանիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Հիմնադրման շրջանում, երբ թերակղզու առաջին քրիստոնեադավան պետությունը՝ Աստուրիայի թագավորությունը, բաժանվել էր երեք մասի (Կաստիլիա, Գալիցիա և Լեոն), խալիֆայությունը կարողացել էր հարթել ներիշխանական բոլոր տարաձայնությունները, ստեղծել կենտրոնաձիգ պետություն, և նույնիսկ սանձել Պիրենեյներում առաջացած քրիստոնեադավան պետությունների՝ Նավառայի, Արագոնի ոտնձգությունները։

10-րդ դարում Կորդովայի խալիֆայությունը մի քանի անգամ ենթարկվել է հարևան կաթոլիկ պետությունների հարձակումներին, ձեռնարկել արշավանքներ նրանց դեմ։ Արդյունքում եղել են սահմանային որոշ փոփոխություններ, սակայն տարածքը հիմնականում մնացել է նույնը։ 1031 թվականին իշխող արքայատոհմը կորցնում է վերահսկողությունը երկրի վրա, և սահմանափակվում Կորդովայի տայֆայով։ Նմանատիպ տայֆաներ ստեղծվում են երկրի ամբողջ տարածքում. ավատատիրական այդպիսի մասնատվածությունը բնորոշ էր զարգացած միջնադարում գոյություն ունեցած գրեթե բոլոր երկրներին։ Անկախ իշխանություններից առավել կենսունակ եղավ Գրանադայի ամիրայությունը, որը գոյատևեց մինչև Ռեկոնկիստայի ավարտը (1492)։

Կորդովայի խալիֆայությունը արաբական Իսպանիայի առաջին ինքնուրույն պետության՝ Կորդովայի ամիրայության ժառանգորդն ու իրավահաջորդն էր, որը հիմնադրվել էր Օմայյան խալիֆայության կողմից Վեստգոթական թագավորության նվաճումից հետո (711)։ Այն կարևոր դերակատարում է ունեցել Իսպանիայի մշակույթի ու տնտեսության զարգացման մեջ, նպաստել իսպանացիների՝ որպես մեկ միասնական ազգի կազմավորմանը, որը տեղի ունեցավ Պիրենեյան թերակղզու քրիստոնյա բնակչության երկարդարյա պայքարի ընթացքում։