Paella d'arròs ( Պաելյա )

Պաելյա (կատ.՝ Paella [paˈeʎa]), իսպանական ազգային ուտեստ։ Պատրաստվում է բրնձով, զեյթունի ձեթով, զարդարվում քրքումով։ Պաելյայի մեջ երբեմն ավելացնում են ծովամթերք, բանջարեղեն, հավի միս։ Անվանումը ծագում է լատիներեն «patella»` «թավա» բառից։ Այս կերակրատեսակի մեծ պահանջարկը ներկայումս պայմանավորված է իսպանական տարբեր շրջաններում նրա տարատեսակներով ու բաղադրիչների բազմազանությամբ։ Պաելյայի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Դասական պաելյան, բացի բրնձից, ներառում է 6-7 տեսակ ձուկ, ծովամթերք, հավի միս, սպիտակ գինի, կանաչի և համեմունքներ։ Իսպանիայի որոշ շրջաններում պաելյա պատրաստում են նաև լոբուց։

Ավանդաբար պաելյա են մատուցում կիրակի օրերին և Սուրբ Հովսեփի օրը` մարտի 19-ին։

Շատ մարդիկ, ովքեր իսպանացիներ չեն, պաելյան համարում են իսպանական կերակրատեսակ, սակայն իրենք իսպանացիները համարում են, որ այն բացառապես Վալենսիային հատուկ կերակրատեսակ է։ Վալենսիացիները պաելյան համարում են իրենց շրջանի խորհրդանիշը։ Այսօր դժվար կարելի է գտնել իսպանական ռեստորան, որի ճաշացանկում չլինի պաելյա։ 20-րդ դարի ընթացքում նրա համբավը այնքան է տարածվել, որ այսօր պաելյա են առաջարկում եվրոպական գրեթե բոլոր ռեստորանները։ Պաելյայի նկատմամբ այսպիսի հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բացի վալենսիական ավանդական պաելյայից` բազմաթիվ տարբերակներ են ձևավորվել, օրինակ` ծովամթերքով (paella de marisco), խառը (paella mixta):