Водка ( Օղի )

Օղի (ռուս.՝ водка, լեհ.՝ wódka), պինդ ալկոհոլային թորած խմիչք, հիմնականում բաղկացած ջրից և էթանոլից։ Սովորաբար պատրաստվում է թթված նյութերի թորումից, մասնավորապես՝ ձավարեղենից և կարտոֆիլից, ինչպես նաև առանձին դեպքերում՝ մրգերից և շաքարից։

Օղու ալկոհոլային կազմը սովորաբար կազմում է 40% ալկոհոլ ըստ ծավալի (ԱԸԾ)։ Ռուսական, ուկրաինական, Էստոնական, լատվիական, լեհական, լիտվական և չեխական արտադրության oղիները հետևում են 40% ալկոհոլային մասնաբաժնին։ Եվրամիության անդամ երկրներում սահմանված ալկոհոլային մասնաբաժինը կազմում է 37,5% ԱԸԾ («Եվրոպական օղի»), իսկ Միացյալ Նահանգներում՝ 30% և բարձր։

Ավանդաբար օգտագործում են օղին գերադասող Արևելյան Եվրոպայի և Բալթիկ ծովյան երկրներւմ։ Հաճախ օգտագործվում է կոկտեյլների և խառնուրդային խմիչքների մեջ («Վոդկա Մարտինի», «Վոդկա տոնիկ», «Պտուտակահան», «Գրեյհաունդ», «Արյունոտ Մերի», «Սեքս լողափում» և այլն)։

Կանոնավոր օգտագործման և/կամ չարաշահման դեպքում կարող է առաջացնել ալկոհոլային կախվածություն։