दखमा ( Լռության աշտարակ )

Լռության աշտարակ, (անգլ.՝ Tower of Silence, պարսկերեն՝ دخمه), վեր խոյացող, մոտ 6 մետրանոց շրջանաձև շինություն՝ կառուցված հիմնականում աղյուսից։ Կառուցվել է զրադաշտականների կողմից և օգտագործվել մահացած մարդու մարմինները գիշատիչ կենդանիների՝ հատկապես անգղների բաժին դարձնելու նպատակով։ Կաշվից վերջնականապես ազատված ոսկորները նետում են աշտարակի կենտրոնում գտնվող խորը փոսը։ Այս մեթոդը զրադաշտականներն առաջին անգամ կիրառել են մ.թ.ա. V դարում, սակայն աշտարակների կիրառումը թվագրվում է մեր թվարկության IX դար։ Սկզբունքի նպատակն էր խուսափել հողի և կրակի հետ կապից, որոնք երկուսն էլ սրբություն էին զրադաշտականների համար։

Ամենավաղ գրական նկարագիրը այս աշտարակների մասին տրվել է IX դարի առաջին կեսերին, որտեղ օգտագործվել է ոսկրատուն տերմինը։ Մեկ այլ տերմին՝ դեխմագ (անգլ.՝ dakhmag), կիրառվել է զրադաշտականների գրություններում (IX-X դարեր)` վերաբերելով մահացած մարմինների համար նախատեսված բոլոր վայրերին։ Այս պահլավական տերմինը փոխառվել է ավեստերենի դախմա (dakhma) բառից, որը թարգմանաբար նշանակել է գերեզման։ Ավեստերենում տերմինը որևէ շինության հետ առնչություն չունի։ Իրանի Յեզդ և Քերման նահանգներում դախման անվանում են նաև դեմա (deme, dema)։ IX-X դարերի արձանագրություններում գործածվում է մեկ այլ տերմին՝ dagdah «սահմանված վայր»։ Բառը հանդիպում է նաև Իրանի և Հնդկաստանի ուշ զրադաշտական տեքստերում, սակայն XX դարում արդեն Հնդկաստանը նշանակություն էր տալիս ատրուշաններին։ Հնդկաստանում doongerwadi տերմինը օգտագործվեց այն բանից հետո, երբ դախման սկսեց վերաբերել նույն կառույցին, սակայն կառուցված բլրի վրա։

«Լռության աշտարակ» նորաբանության առաջացումը վերագրվում է վաղ IX դարում Բրիտանական Հնդկաստանի կառավարությունում թարգմանիչ Ռոբերտ Մրֆիին։