Ջարաշ կամ Ջերաշ (հնագույն ժամանակներում՝ Գերասա կամ Ոսկեգետի Անտիոք, (արաբերեն՝ جرش, հին հունարեն՝ Γέρασα)՝ քաղաք Հորդանանի Թագավորության հյուսիսում՝ մայրաքաղաք Ամմանից 45 կիլոմետր դեպի հյուսիս, Յաբոք գետի ափին, ծովի մակերևույթից 527 մետր բարձրության վրա։
Գերասան համարվել է հունա-հռոմա-բյուզանդական կարևորագույն քաղաքներից մեկը Միջին Արևելքում, ընդգրկված է եղել Դեկապոլիսի (10 քաղաքների) մեջ։ Ներկայումս այստեղ մեծ ծավալի հնագիտական աշխատանքներ են կատարվում, որոնց ընթացքը դժվարանում է այն պատճառով, որ հին քաղաքի շինությունների զգալի մասը գտնվում է ներկայիս Ջարաշի կառույցների տակ։
Ենթադրվում է, որ Գերասան դեռևս բրոնզեդարյան ժամանակներում բնակեցված է եղել՝ ունենալով սեմական ծագման բնակիչներ, որոնք կառուցած են եղել Դաշուրայի տաճարը այնտեղ, ուր ներկայումս Զևսի տաճարի ավերակներն են։
Ըստ մի ավանդազրույցի՝ Ալեքսանդր Մակեդոնացին է կառուցել այս քաղաքը, նվիրել իր զորավարներից մեկին, և այնտեղ բնակություն է հաստատել նրա զորքի վետերանների մի մասը։ Մեր թվականությունից առաջ առաջին դարում այս քաղաքի մերձակայքում ճակատամարտ են տվել հասմոնիցիներն ու նաբաթեացիները, որոնց երկուսին էլ Ք. ծ. ա. 63 թվականին պարտության են մատնել հռոմեացիները և քաղաքն ընդգրկել Սիրիա պրովինցիայի կազմում։ Մեր թվականության 90 թվականին այն ներառվել է Արաբիա պրովինցիայում։
Առաջին և երկրորդ դարերը ծաղկման ժամանակաշրջան են եղել քաղաքի համար։ Տրայանոս կայսրը ճանապարհներ է անցկացրել այստեղ։ Նրան հաջորդած Ադրիանոսը 126-130 թթ. ձմռանը այցելել է այստեղ, և, ամենայն հավանականությամբ, այդ այցի կապակցությամբ է կառուցվել Ադրիանոսի հաղթակամարը։
614 թվականին Գերասան նվաճվել է պարսից սասանյան արքա Խոսրով Երկրորդի, քսաներկու տարի անց՝ Յարմուքի 636 թ. ճակատամարտից հետո՝ արաբների կողմից։ Ումայադների արքայատոհմի ներկայացուցիչ կառավարիչները մի քանի մզկիթ են կառուցել այստեղ։ 749 թվականին Գերասայի շատ շինություններ ավերվել են ուժեղ երկրաշարժի պատճառով։ Շուրջ հարյուր տարի անց՝ 847 թվականին քաղաքը կրել է ևս մեկ ավերիչ երկրաշարժի հասցրած հարվածը։ 1120 թվականին Դամասկոսի աթաբեկ Զահիր ադ դին Թողտեկինի կարգադրությամբ Ջերաշում 40 զինվորով մի կայազոր է կարգվել, ամրոց է կառուցվել. այդ նպատակով օգտագործվել են Արտեմիսի ավերված տաճարի քարերը։ Մեկ տարի անց Երուսաղեմի արքա Բոլդուին Երկրորդը գրավել է այդ ամրոցը. խաչակիրները ամբողջովին ավերել են այն[1][2] և ետ քաշվել՝ ամրանալով մերձակա Սաքիբում[3][4]։ Քաղաքը մի քանի դար մնացել է գրեթե ամայի։ 1596 թվականի մարդահամարի տվյալներով՝ այստեղ բնակվելիս են եղել մուսուլմանական 12 ընտանիք[5]։ Պեղումների արդյունքում՝ ներկայիս հնավայրի հյուսիսարմտյան հատվածում բացահայտվել է մամլյուկների մի փոքրիկ գյուղակ[5]։ Այդտեղ հայտնաբերվել են մի շարք կառույցների մնացորդներ, մեծ թվով խեցեղեն[6]։
1806 թվականին գերմանացի ճանապարհորդ, հնագետ Ուլրիխ Յասպեր Զետցենը եղել է այս կողմերում, ճանաչել ավերակները որպես հնամյա Գերասայի մնացորդներ և գրել այդ մասին[7]։ 1925 թվականից սկսվել են հնավայրի հանգամանալի պեղումներն ու հետազոտությունները, որոնք շարունակվում են առ այսօր[8]։
↑ Boulanger Robert (1965)։ The Middle East: Lebanon, Syria, Jordan, Iraq, Iran (English)։ Paris: Hachette։ էջեր 541, 542 ↑ Heath Ian (1980)։ A wargamers' guide to the Crusades. (English)։ էջ 133 ↑ Brooker Colin H., Knauf Ernst Axel (1988)։ «Review of Crusader Institutions»։ Zeitschrift des Deutschen Palästina-Vereins (1953–) 104: 187։ JSTOR 27931345 ↑ Schryver James G (2010)։ Studies in the archaeology of the medieval Mediterranean (English)։ Leiden [Netherlands]; Boston: Brill։ էջեր 86։ ISBN 9789004181755 ↑ 5,0 5,1 Hütteroth Wolf Dieter, Abdulfattah Kamal (1977)։ Historical geography of Palestine, Transjordan and Southern Syria in the late 16th [sixteenth] century (անգլերեն)։ Fränkische Geographische Ges.։ էջ 164։ ISBN 9783920405414 ↑ Peterson Alex։ «Medieval Pottery from Jerash: The Middle Islamic Settlement»։ Gerasa/Jerash: From the Urban Periphery (անգլերեն) ↑ Reisen, ed. Kruse, 4 vols, Berlin, 1854 ↑ «Touristic Sites – Jerash»։ www.kinghussein.gov.jo
Ավելացնել նոր մեկնաբանություն