Falles ( Ֆայաս (Վալենսիա) )

Ֆայաս կամ Լաս Ֆայաս (իսպ.՝ Falles, վայն.՝ Fallas, մարտի 15-19), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություն, իսպանական Վալենսիա քաղաքի ամենամեծ ավանդական փառատոնը, ինչ-որ չափով «դիվային» ֆիեստա, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։ Փառատոնը տևում է մեկ շաբաթ` մարտի 15-ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի ամբողջ տարի։ Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Վալենսիայի թանգարանում։

Ֆայաս եզրույթը վերաբերում է ինչպես տոնակատարություններին, այնպես էլ տոնակատարության ժամանակ այրելու համար պատրաստված հուշարձաններին։ Վալենսիայի համայնքի մի քանի քաղաքներում կան նմանատիպ տոներ, որոնք ներշնչված են յուրօրինակ Վալենսիական Ֆայասի (Falles de València) տոնակատարությամբ։

2016 թվականի նոյեմբերի 30-ին Ֆայաս փառատոնն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ։

Քաղաքի յուրաքանչյուր շրջան ունի մարդկանց կազմակերպված խումբ` Կասալ Ֆայեր (Casal faller), որը գործում է ողջ տարվա ընթացքում, անցկացնում է միջոցառումներ, երեկույթներ և ընթրիքներ դրամահավաքի համար, որպես կանոն, տարածաշրջանի առանձնահատուկ հայտնի ուտեստի` պայեյայի համտեսմամբ։ Ամեն կասալ ֆայեր կոնստրուկցիա է ստեղծում, որը հայտնի է որպես ֆայա, որն ի վերջո, այրվում է։ Կասալ Ֆայերը նաև հայտնի է որպես Ֆայասի հանձնաժողով (comissió fallera):