दीपावली ( Դիվալի )

Դիվալին հայտնի է նաև այլ անուններով (սանսկրիտ՝ दीपावली, թամիլերեն՝ தீபாவளி, նեպալ.՝ दीपावली, तिहार, հինդի՝ दिवाली, մարաթհի՝ दिवाळी, կան. ದೀಪಾವಳಿ, , մալայալամ՝ ദീപാവലി, ա.-փենջ.` ਦਿਵਾਲੀ, ուրդու՝ دیوالی, բենգալերեն՝ দীপাবলি, ճապ.՝ ディーワーリー, սինգ․՝ දීපාවලි, չինարեն՝ 屠妖節)՝ Lույսերի hնդկական փառատոն է, որը տոնում են ամեն տարի աշնանը՝ հյուսիսային կիսագնդում (գարնանը՝ Հարավային կիսագնդում)։ Այս տոնը պաշտոնապես ընդունված է մի շարք երկիր֊պետություններում․ Ֆիջի, Գույանա, Հնդկաստան, Պակիստան, Մալայզիա, Լյուքսեմբուրգ, Մյանմա, Նեպալ, Սինգապուր, Շրի-Լանկա, Սուրինամ և Տրինիդադ և Տոբագո։ Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է, որը հոգեպես խորհրդանշում է լույսի հաղթանակը ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի, գիտելիքի հաղթանակը՝ տգիտության, և հույսը՝ հուսահատության։ Տոնակատարությունը բովանդակում է միլիոնավոր լույսերով զարդարված տանիքներ, մուտքի դռներ և պատուհաններ, տաճարներ և համայնքների այլ շինություններ և երկրներ։ Որպես կանոն, փառատոնի նախապատրաստական աշխատանքները և ծեսերը իրականացվում են հինգօրյա ժամանակաընթացքում, սակայն Դիվալիի հիմնական տոնախմբային գիշերը համընկնում է Բիկրամ Սամբատ օրացույցի Հնդկական լուսնարեգակնային Կարտիկա ամսվա ամենամութ լուսնային գիշերվա հետ։ Գրիգորյան օրացույցում, Դիվալի գիշերը ընկնում է հոկտեմբերի կեսի և նոյեմբերի կեսի միջև։

Մինչ Դիվալիի գիշերը, մարդիկ մաքրում, վերանորոգում և զարդարում են իրենց տները և գրասենյակները։ Դիվալիի գիշերը մարդիկ հագնում են նոր հագուստ կամ իրենց լավագույն հանդերձանքը, իրենց տներում և բակերում վառում են դիյասները (լամպեր և մոմեր), որպես կանոն մասնակցում են Լակշմիին՝ բերրիության և բարգավաճման աստվածուհուն ուղղված ընտանեկան պուջայի (աղոթքի)։ Պուջային հետևում է հրավառությունը, ապա ընտանեկան խնջույքը՝ ներառելով միտայը (քաղցրավենիք) և ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների միջև նվերների փոխանակումը։ Այն երկրներում, որտեղ տոնում են Դիվալին, այդ շրջանում իրականացնում է ամենախոշոր առևտուրը։