Բևեռային գիշեր
Բևեռային գիշեր, ժամանակահատված, երբ Արեգակն ավելի քան 24 ժամ չի երևում հորիզոնում։ Ամենակարճ բևեռային գիշերը (գրեթե երկու օր) նկատվում է հ. լ. ≈ 67° 24′ լայնության վրա, որը բնորոշվում է որպես Հյուսիսային բևեռային շրջանի լայնություն, որին ավելացվում է արեգակնային սկավառակի շառավիղը (15—16′) և մթնոլորտային ռեֆրակցիայի մեծությունը (միջինը ծովի մակարդակից 35′), իսկ ամենաերկար բևեռային գիշերը՝ Հարավային բևեռում (6 ամսից փոքր-ինչ քիչ)։ Բևեռային գիշերը հանդիսանում է խավարածրի հարթության նկատմամբ Երկրի պտտման առանցքի թեքության հետևանք, որը կազմում է գրեթե 23,5°: