Kuressaare piiskopilinnus
( Արենսբուրգի ամրոց )Արենսբուրգի ամրոց (գերմ.՝ Schloss Arensburg) կամ Կուրեսաարեի ամրոց (էստ․՝ Kuressaare piiskopilinnus), Էզելյան եպիսկոպոսության միջնադարյան նստավայր, գտնվում է ժամանակակից Կուրեսաարե քաղաքում (նախկինում՝ Արենսբուրգ), էստոնական Սաարեմաա կղզում (նախկինում՝ Էզել)։ Մերձբալթիկայի առավել լավ պահպանված միջնադարյան ամրոցներից է։
Ամրոցը կառուցվել է տևտոնական միաբան - ասպետների կողմից Յուրևյան գիշերվա ապստամբությունից (1343-1345) հետո՝ որպես էզելյան եպիսկոպոսների նստավայր - ամրոց՝ կղզում քրիստոնեություն տարածելու համար։ Ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1380-ական թվականների սկզբնաղբյուրներում։ Սկզբնապես պատկանել է Էզելյան եպիսկոպոսությանը և համարվել է ամենակարևոր ամրոցներից մեկը։ XIV դարի վերջում կատարված վերակառուցման արդյունքում Արենսբուրգը դարձել է իր ժամանակի ընդարձակ, ներքին բակ ունեցող ամրոցներից մեկը։
1559 թվականին Դանիան և Նորվեգիան գրավում են Սաարեմաան և ամրոցը։ 1645 թվականին ստորագրված խաղաղության պայմանագրով Սաարեմաան անցնում է Շվեդիային։ Շվեդները շարունակում են ամրոցի կառուցապատումը մինչև 1706 թվականը։ Հյուսիսային պատերազմից հետո այն անցնում է Ռուսական կայսրությանը։ Ամրոցն աստիճանաբար կորցնում է իր ռազմավարական նշանակությունը[1]։ Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ղրիմի պատերազմի մասնակից զորքերը չեն օգտագործել ամրոցը։ XIX դարում ամրոցը վերածվում է անկելանոցի։
1904 թվականին էզելյան ազնվականությունը որոշում է վերանորոգել լիվոնյան ասպետների՝ ամբողջական պահպանվախ միակ ամրոցը։ 1912 թվականին կատարվող վերականգնողական աշխատանքները հովանավորում է Վիլհելմ Նեյմանը[2]։ Ավելի լայնածավալ վերակառուցողական աշխատանքներն իրականացվում են 1968-1985 թվականներին, որի ընթացքում վերակառուցվում են աշտարակների վերևի հատվածները։
↑ Taylor Neil (2010)։ Estonia (6 ed.)։ Bradt Travel Guides Ltd.։ էջ 254։ ISBN 978-1-84162-320-7 ↑ Saaremaa Museum «History of the castle and fortress»։ Վերցված է 26 December 2012
Ավելացնել նոր մեկնաբանություն